Մանկավարժական հոդված

Ձեզ հերքու՞մ է ժամանակը, ինձ ո՛չ ․ ․ ․
Մեր կյանքի տեմպոռիթմը սլանում է, ուստի նրանք՝ ովքեր չեն ցանկանում դոփել նույն տեղում, պետք է պատրաստ լինեն այդ արագությանը, ճկուն լինեն թե՛ ֆիզիկապես, և թե՛ մտքով։ Պետք է անընդհատ սովորել, անգամ քեզանից փոքրից, քանի որ նոր տեխնոլոգիաները ամենից արագ պատանիներն են լավ յուրացնում։ Այդպես է նաև ուսումնական հաստատություններում և պարտեզներում։
«Մխիթար Սեբաստաի» Կրթահամալիրում աշխատում եմ որպես երկարացված օրվա կազմակերպիչ, նաև ղեկավարում եմ ընտրությամբ թատրոնի գործունեության խումբը և այս ամենի մեջ, երբեմն մոռանում եմ որ հանդիսանում եմ նաև ծնող։ Ծնող , ով շա՜տ գոհ է կրթահամալիրի պարտեզից։

Վերադառնանք կազմակերպչի աշխատանքին։
Առաջին ամիսը երկարացված օրվա խմբում մի փոքր բարդ անցավ․ խմբում մեծամասնություն էին կազմում 1-ին դասարանի սովորողները, նրանք դեռ նոր-նոր էին փորձում հասկանալ թե ի՞նչ է դպրոցը, ի՞նչ է իրենից ներկայացնում դասապրոցեսը, շատ շուտ էին հոգնում, ինչու չէ ՝ նոր միջավայրում կաշկանդվում էին։Բայց ես շատ ուրախ եմ, որ այդ ամենը շատ շուտ կարգավորվեց, վերջապես բոլորս մի ընդհանուր լեզու գտանք և սկսեցինք աշխատել հետաքրքիր և ուսուցողական նախագծերի շուրջ։

Միասին ամեն շաբաթ կատարում ենք բակային աշխատանքներ։ Երեխաները սովորում են հոգ տանել շրջակա միջավայրի մասին։
Նկարում ենք ամեն հնարավոր այլընտրանքային միջոցներով,
կազմակերպում ենք համագործակցային հետաքրքիր մարզական խաղեր, դիտում ենք ուսուցողական մուլտֆիլմեր, կատարում ենք բնագիտա-տեխնիկական փորձեր, սովորող-սովորեցնող նախագծեր, խաղում ենք ազգային խաղեր, պատրաստվում և մասնակցում ենք ուսումնական օրացույցով սահմանված բոլոր ծեսերին, ստեղծագործում և զարգանում ենք կատարելով տեխնոլոգիական աշխատանքներ՝ պլաստիլինով, գունավոր թղթերով, բազում հետաքրքիր ապլիկացիաներ ենք պատրաստում, ուրախ հեծանվային օրեր ենք կազմակերպում։ Եվ իհարկե ճամփորդում ենք միասին։

Մի փոքր խոսեմ նաև Թատրոնի խմբի մասին։ Խումբը համարվում է ընտրությամբ գործունեություն և լավ է այնքանով, որ սովորողներն իրենք են ընտրել խումբը և սիրով ու մեծ պատրաստակամությամբ են ներկայանում դասերին։Դա կրկնակի անգամ հեշտացնում է դասապրոցեսը։

Խմբում ներառված են 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ։ Միասին ստեղծագործում ենք, ընթերցում ենք, վերլուծում ենք, բեմադրում ենք, խաղում ենք, տխրում ենք, ուրախանում ենք, ճամփորդում ենք․․․

Շատ մեծ էմոցիոնալ կապ կա խմբի յուրաքանչյուր սովորողի հետ։ Ես նրանց վերաբերվում եմ որպես մեծ, հասուն երեխաների և դա նրանց ավելի է պարտավորեցնում։

Կրթահամալիրում համակարգում եմ նաև 2 այլ նախագիծ՝

 «Ստեղծագործ TV» -ն Ստեղծարար նախագիծ է, թողարկման մեջ հաղորդավարները պատրաստում են ինքնաշեն խաղեր և այդ խաղերը կիրառում ենք ուսումնական պրոցեսի ժամանակ։Թողարկումը իրականացնում եմ 1-ին դասրանի սովորողների հետ, իհարկե, չբացառելով, որ հետագայում կհամագործակցեմ պարտեզի և ավելի բարձր դասարանի սովորողների հետ։

Հայալեզու մուլտֆիլմեր պատրաստելու գաղափարը շատ հանկարծակի եկավ, և ինչպես հասկանում եմ արձագանքներից բավականին սիրվեց և օգտակար դարձավ։ Նախագիծն իրականացնում եմ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողների հետ միասին։ Սկզբում ընտրում ենք մուլտֆիլմը, թարգմանում ենք, բաշխում ենք դերերը և համապատասխան հրահանգներով փորձում և ձայնագրում ենք։ Որից հետո սկսում է ամենաբարդը՝ մոնտաժային աշխատանքը։

Վարում եմ նաև Մայրիկի օրագիր էջը, որտեղ պատմում եմ փոքրիկ Սեբաստացի Էլենի արկածների և առօրիայի մասին։

Ցավոք սրտի, ներկայիս արտակարգ իրադրությունից ելնելով, մեր պարապմունքներն ու նախագծերը իրականացնում ենք օնլայն հարթակում, որը մի փոքր բարդացնում է մեր աշխատանքը, բայց մենք չենք դժգոհում՝ հասկանալով, որ յուրաքանչյուրիս պարտքն է այս օրերին մնալ տանը՝ չվտանգելով շրջապատողների առողջությունը։

Հեռավար-առցանց ուսուցումը Կրթահամալիրի համար նորություն չէ, և երբ մյուս ուսումնական հաստատությունները ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք էին փնտրում ՝ կրթահամալիրը վստահ քայլերով շարունակում էր ուսուցումը օնլայն հարթակում։ Ուստի մենք ո՛չ մի օր հետ չենք մնացել մեր ուսումական դասապրոցեսից։ Այս օրերին ունեցանք բազում սեմինար պարապմունքներ այն մասին, թե ինչպե՞ս ճիշտ օգտվենք ծրագրերից և առավելագույնս կարողանանք ապահովել երեխաների արդյունավետ և որակյալ դասապրոցեսն օնլայն հարթակում։ Այժմ ես օգտվում, և դասապրոցեսն անցկացնում եմ Microsoft Teams և Zoom ծրագրերի միջոցով։