Թատերականացված ընթերցում «Շունն ու կատուն»

Մայիսյան 17րդ հավաքի շրջանակներում այսօր այցելեցի Հարավային դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների խումբ: Փոքրիկներին ներկայացրեցի «Շունն ու կատուն» հեքիաթը թատերականացված ընթերցանության տարբերակով: Մանրամասները կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում:

Տեսանյութը և լուսանկարը՝ Լիլիթ Հովհաննիսյանի

Մայիսյան 17րդ հավաք՝ «Շունն ու Կատուն» երաժշտական ներկայացում

Վայրը՝ Հարավային դպրոց՝ 1.2դասարան

Մասնակիցներ ՝ Հարավային դպրոցի 1.2 դասարանի սովորողներ

Բեմադրությունը՝ Էլիզաբեթ Ադիկյանի

Երաժշտական ձևավորումը՝ Մարիամ Մնացականյանի

ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

Երգ — Հեփ հոփ

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

Երգ — Այ արևը, արևը

— Բար’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գըլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,
Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:


Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

Երգ — Զմփիկ զմփիկ

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

Երգ — Արև, արև արի դուրս

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:

Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

Տղաներ
Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,
Իրեն մորթին ետ ա ուզում.

Աղջիկներ
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

Պարերգ — Փափուռի

Հովհաննես Թումանյան «Քառյակներ»

Նախագծային աշխատանք

Թումանյանի քառյակները ներկայացնում են Միջին դպրոցի թատրոնի ընտրությամբ գործունեության խմբի սովորողները: Քառյակները բեմադրել ենք մնջախաղի էլեմենտներով, փորձել ենք մեկ թաշկինակի միջոցով իրար կապել քառյակներում առկա խնդրիները.

«Կիկոսի մահը» փորձնական ցուցադրություն

Արևելյան դպրոցի թատրոնի ընտրությամբ գործունեության խմբի սովորողներն այսօր փորձնական ցուցադրեցին «Կիկոսի մահը» երաժշտական ներկայացումը: Մեր հանդիսատեսը Արևելյան դպրոցի մաթեմատիկայի գործունեության խմբի սովորողներն էին, նրանք սիրով ընդունեցին հրավերն ու շատ հավանեցին ներկայացումը: Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում

Տիկնիկային թատրոն․ նախապատրաստական աշխատանքներ

Արևելյան դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողների հետ միասին աշխատում ենք «Կիկոսի մահը» հեքիաթի վրա։ Սովորողները կարդում և սովորում են իրենց դերերը, որից հետո կպատրաստենք կերպարային տիկնիկներ և կսկսենք բեմադրել։